Մի առիթով սատանայապաշտներից մեկն ասել է. «Կտրիր մարդուն իր պատմությունից և նրան կկտրես իր ողջ անցյալից ու ապագայից. նա քո ձեռքում կդառնա այն, ինչ դու ցանկանում ես»:
Իսկ ինչպե՞ս կտրել մարդուն իր պատմությունից, եթե ո՛չ` հեռացնելով հավատքից, բարոյազրկելով:
Այս առումով բանսարկուն ջանք չի խնայում մարդուն դեպի ինքնաոչնչացում ուղղորդելու հարցում: Իրենց առաջադեմ կարծող շատ պետություններ սկսեցին մեկը մյուսի հետևից օրինականացնել միասեռականների ամուսնությունը և սոդոմականների կողմից երեխաների որդեգրումը, որը բացահայտ մանկապղծություն է` այսպիսով առավել ընկղմվելով սոդոմական կործանիչ մեղքի մեջ: Ժամանակին ոմանք խորհուրդ էին տալիս` միասեռականներին արգելափակել հոսանքավորված ցանկապատով պատված մի տարածքում. նրանք չեն ապականի մարդկությանը և դանդաղ կոչնչանան, որովհետև չեն բազմանա: Այսօր ոմանք, որոշակի փոփոխություններով, հետևում են այդ խորհրդին, ուղղակի արգելավայրը աշխարհն է, իսկ սոդոմականությամբ ախտահարված մարդկությունը գահավիժում է դեպի ստույգ կորուստ ու կործանում: Այդպես նրանք շատ արագ կհասնեն փափագելի ոսկե մակարդակին: Նրանք, հրապարակավ բացահայտելով իրենց սատանայասեր ընթացքը, այն փորձում են նաև փաթաթել ավանդապահ ազգերի վզին` տարբեր աղանդավորական կազմակերպությունների, ՀԿ-ների և նմանատիպ այլ ազգադավ կազմակերպությունների միջոցով` օգտագործելով նաև մամուլն ու հեռուստատեսությունը: Ինչպես կաթոլիկ եկեղեցուց ծնված բողոքական «եկեղեցին» որդեգրվեց սատանայի կողմից, այնպես էլ սոդոմականները ցանկանում են որդեգրել տարասեռ զույգերի կողմից մերժված կամ օտարված երեխաներին:
Հետևաբար, ստեղծված իրավիճակում բոլորն իրենց մեղքի բաժինն ունեն: Այդ ամենի կազմակերպիչները շտապում են մոտեցնել նեռի գալուստը, բայց չեն գիտակցում, որ շատ արագ կգա ու կհասնի Տիրոջ Օրը, սարսափելի՝ նրանց, և փափագելի՝ Քրիստոսին սպասող արդարների համար, Օր, որ սահմանաբաժան է ժամանակավորի և հավիտենության միջև: Օձավարս Գորգոն մեդուզան իր թունածավալ վարսերը տարածել է ամբողջ աշխարհում, Պանդորան բացել է կեղծիքի կործանարար սնդուկը, իր էությամբ խորապես նեոհեթանոսական Եվրոպան` քրիստոնեանման դիմակի տակ ծպտված, անհաջող կերպով փորձում է բարեհամբույր ու անբռնազբոսիկ ժպիտ գծագրել, բայց ստացվում է այլանդակ մի դիմածռություն՝ դիմախաղից զուրկ դիմակի տակ: Սատանան, ի դեմ քրիստոնեության, տեսավ ինքն իրեն քողարկելու լավագույն տարբերակը` բաժակի ու պնակի դուրսը մաքրելով ու գրավիչ դարձնելով, որպեսզի խմողները չգիտակցեն պարունակության թունավոր ու մահացու լինելը:
Պետք է նախանձախնդիր լինել սեփական ինքնության, ազգային ինքնագիտակցության, նկարագրի պահպանման հարցում, բայց պետք է նաև հստակեցնել սեփական գիտակցության մեջ, թե ի՞նչ ասել է հայի համար ինքնություն և ազգային ինքնագիտակցություն: Այսօր շատ հայեր փորձում են ազգը միավորել «նախնյաց հավատի շուրջ», և ես չեմ կասկածում նրանց ազգասիրության անկեղծությանն ու մղումների ազնվությանը, բայց դուք մոլորված եք, եղբայրնե՛ր, քանզի արժի՞ սեփական ազգը մատնել անբարո դիվապաշտության, և արժի՞ իբրև աստված պաշտել նրանց, ովքեր ժամանակին իրենք են պաշտել Ճշմարիտ Աստծուն, իսկ մահվանից հետո, ժամանակի ընթացքում, ի հետևանս սատանայի սադրիչ մեքենայությունների` թյուրիմացաբար աստվածացվել:
Մեր ինքնությունը կերտել են նրանք, ովքեր մեր սեփականությունը դարձրեցին Երկնքի անմահ ու հավիտենական արքայությունը` վերահաստատելով Հայոց մեջ Ճշմարիտ աստվածպաշտությունը: Սխալ են ու պիտի ձախողվեն և՛ մեր ազգին Քրիստոսից զրկողները, և՛ հայի հոգուց Քրիստոսի սերն ու նվիրումը հափշտակել փորձողները:
Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս